Ասուլիս-բանավեճերի լեզվական առանձնահատկությունները արդի հայերենում

Դարերի պատմություն ունեցող բանավեճը մեր օրերում հանգրվան է գտել   հեռուստատեսային իրականության մեջ` սկիզբ տալով հեռուստաբանավեճին, որն ունի անմխիթար լեզվական բնութագիր հայկական հեռուստահարթակում: Սակայն այս առումով առավել բարդ վիճակում է բանավեճի մեկ այլ դրսևորում` ասուլիս-բանավեճը:  

Ասուլիս-բանավեճը մամլո ասուլիսի և դիալեկտիկական, բանավոր բանավեճի հետաքրքիր համադրում է, որ հիմնականում ծավալվում է հրատապ ու քննարկումների կիզակետում հայտնված իրադարձությունների շուրջ: Սրանք ըստ ձևավորման եղանակի` պարտադրված, ըստ դրսևորման կերպի` բացահայտ բանավեճեր են, որ երբեմն զուգահեռաբար կրում են ծածուկ բանավեճի տարրեր: Քննարկվում են գերազանցապես քաղաքական հարցեր: Ասուլիս-բանավեճի մեկնարկը տրվում է սովորաբար մեկ հարցի քննարկմամբ, որ ընթացքում ծավալվելով սկսում է տարբեր հարցեր ու խնդիրներ ընդգրկել: Ի տարբերություն հեռուստաբանավեճի` այն փոքրամասշտաբ է. ունենում է հիմնականում երկուսից չորս մասնակից, որ սովորաբար նստում են իրար կողքի, ինչն ավելի անմիջական ու ազատ է դարձնում մթնոլորտն ու խոսքը:

Դիտարկելով բանավեճ վարելու ընդունված ձևերն ու միջոցները`   քննության առնենք դրանց դրսևորման առանձնահատկությունները մեր ասուլիս-բանավեճերում` պարզորոշ դարձնելով հայկական արդի ասուլիս-բանավեճի լեզվաոճական բնութագիրը:

Առաջին հերթին ճիշտ է հենվել տրամաբանության օրենքների վրա, չխախտել նույնության, հակասության, երրորդի բացառման, բավարար հիմունքի օրենքները և այլն, փաստարկումն էլ կատարել տրամաբանական հիմունքներով[1]: Մեր ասուլիս-բանավեճերում խոսքը շատ դեպքերում ենթարկված է տրամաբանական խախտումների, օրինակ` նախընտրական եռակողմ ասուլիս-բանավեճերից մեկում Թեհմինե Վարդանյանի պնդմանը` «Թայֆաբազեն էղել ա ձեր իշխանության օրոք հանրապետականի և հիմա էլ կա»[2], Մենուա Հարությունյանը պատասխանում է. «Էդ էղել ա, անցել ա, որ նորերը գան, լավը լինեն»: Ասվածի տրամաբանական հիմնավորումն ակնհայտորեն խախուտ է:

«Սերժը գնացել ա: Սերժը որ, էն որ ասում ա, կաթողիկոսը սրբերով, աղանդավորներով[3] գնան, փորձեն հետ կանչեն, չի գա Սերժը, բայց ուզում եմ ասեմ` ինքը խանգարում ա» (Արամ Հարությունյան): Խոսքի սկզբի ու վերջի տրամաբանական ներդաշնակությունը ցավալիորեն բացակայում է: Մինչդեռ մտածողության համոզչությունըպահանջում է բերվող փաստարկումների տրամաբանության հաջորդականություն, այսինքն` նորի առանձնացում, մյուսների հետ ունեցած այնպիսի հատկանիշների, կապերի ու հարաբերությունների բացահայտում, որոնք նրա համար էական են[4]:

Ուշադիր ունկնդիր-մասնակիցը, սակայն, կարող է հմտորեն օգտվել հակառակորդի խոսքի տրամաբանական թուլությունից ու շրջել այն նրա դեմ: Հակառակորդի խոսքի հակասության բացահայտման հնարըասուլիս-բանավեճերից մեկում կիրառում է իրավաբան Կարեն Սարդարյանը: Հոգեբույժ Արամ Հովսեփյանը պնդում է, որ, ըստ ուսումնասիրությունների, համասեռամոլների վրա հոգեբանական ճնշումը կարող է հանգեցնել նրանց ինքնասպանությանը, որին ի պատասխան իրավաբանը ասում է. «Արդյոք դա չի՞ նշանակում, որ մարդը ավելի շատ ինչ-որ  ռեֆլեքսներով ա ղեկավարվում»: Դրական պատասխան ստանալուց հետո իրավաբանը պնդում է, որ այդ դեպքում նման մարդը լիարժեք մեղսունակ չէ: Հոգեբույժը փորձում է դա ժխտել, ինչից հետո Կարեն Սարդարյանը փաստում է նրա խոսքի հակասությունը. «Այսինքն` մի կողմից ասում եք` ինքը իրան չի կառավարում, մյուս կողմից ասում եք` հիվանդություն չի: Էդ արդեն հակասեցին»:

Կամ` Լյովա Խաչատրյանի դեմ նախընտրական բանավեճում Բագրատ Եսայանը ասում է. «Ներողությո՛ւն, պարո՛ն Խաչատրյան, երբ որ Դուք ասում եք` մենք չենք հավատում, չենք հավատում, ամեն ինչ կանխորոշված ա, ժողովրդին առել են, կաշառված ա, կաշառքն ա աշխատելու ստեղ, դրանից հետո ասում եք` մենք պայքարելու ենք, մենք հաղթելու ենք: Հիմա ո՞րին հավատամ ես»:

Խոսքի տրամաբանական խոցելիութունն ու անհասկանալիությունը կարող են պայմանավորված լինել նաև մասնակցի լեզվական գիտելիքների ցածր մակարդակով, ավելորդաբանությունների տհաճ կուտակումներով ու շարադասական անհարթություններով: Անտրամաբանական ու չափազանց անփույթ խոսքի վառ օրինակ է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետևյալ խոսքը. «Ինչ վերաբերվում ա բանին` ընտրությունների ժամանակ դեպքեր չեն եղել, իհարկե չեն եղել, իհարկե չէին լինի, որովհետև կրկնում եմ, ասենք, վախի մի, էն որ ասումա, վախը տարբեր, գիտեք ինչ, մարդուն կարան, մարդը կարա տաս հազար վերցնի, մարդը կարա էսօր, հազար ներեղություն, եթե, օրինակ, ասենք երկու հազար չեմ ասում, երկու հարյուր մարդ հավաքվի և ասենք` պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և փորձի մտնել, ասենք, բան` կառավարության շենք…»: Մակաբույծ բառերով ու արտահայտություններով, ավելորդաբանությամբ, կրկնություններով, շեղումներով ճարտասանը փորձում է լցնել իր խոսքի այն դադարները, որ առաջանում են միտքը ձևակերպելու, գաղափարն արտահայտելու դժվարություններից, ճիշտ բառը ճիշտ տեղում և ճիշտ պահին գործածելու անկարողությունից[5]:

Ինչպես բերված օրինակներն են փաստում, հայկական ասուլիս-բանավեճերին բնորոշ է երևույթը, որին անդրադարձել է Կ. Վելյանն իր «Հայերենի հանպատրաստից բանավոր խոսքում նախադասությունների սահմանազատման խնդիրը» հոդվածում. «Հաճախ բառերի շարանն ունի նախադասությանը հատուկ կառուցվածք, սակայն դրան հաջորդում է դադար, որովհետև հաղորդակցվողը չի ավարտում միտքը, քանի որ այդ պահին մեկ այլ միտք է առաջանում, և նախադասության   մակերեսային մակարդակում տեղի է ունենում շարահյուսական վթար. խոսողը մտովի տարվում է այդ նոր մտքով և նախորդող միտքը մնում է անավարտ»[6]:  

Անհրաժեշտ է բանավեճը վարել բարեկիրթ, զուսպ, առանց վիրավորանքների` հարգելով թե´ հակառակորդին, թե´ ունկնդիրներին[7]: Բանավեճ վարելու այս կարևոր սկզբունքը կոպտագույնս է խախտված մեր բազմաթիվ ասուլիս-բանավեճերում:

Բանավիճողի խոսքը հաճախ է լի քաղաքական վերնախավից մինչև հասարակ ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Նույն բանավիճողն առանց դժվարության ընդամենը մեկ, կարելի է ասել, «նախադասությամբ» կարողանում է վիրավորել նախկին, ներկա իշխանություններին ու ժողովրդի մի զանգվածի.«Կներեք, էն ժամանակ, կներեք, ասենք, համենայն դեպս, էդքան Սերժին ինչքան ասես, ինչ ասես ասել ենք, կներեք, բայց ոչ Սերժն ա ասել տենց բան, ոչ էլ Սերժը, հազար ներեղություն, քսի ա տվել Ֆեյսբուքում էն մարդիկ, որոնք սրբություն չունեն, որոնք լավ իմանալով, ասենք, էս ինչ մարդու մայրը մահացել ա, ասենք, մոր գերեզմանին են բան ասում»: Եղել է ցանկություն քաղաքագիտական միտք արտահայտելու, ստացվել է խոսքային աննկարագրելի երևույթ: Քաղաքական վերնախավի ներկայացուցչի հիշատակումը միայն անվան կիրառմամբ, ինչին կանդրադառնանք ստորև, քսի տալ արտահայտության գործածությունը մարդկանց վերաբերյալ (որ սովորաբար ասվում է կենդանիների, մասնավորապես` շների առնչությամբ), բան ասել արտահայտությունը վիրավորել, հայհոյել բայերի փոխարեն բնականաբար լավ տպավորություն չեն ստեղծի նման խոսքեր արտաբերողի մասին:

Հաճախ կիրառվում է ոչ հարիր բառապաշար պետական կառավարման համակարգի ու նրա ներկայացուցիչների հանդեպ: Երբ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ խաղաղ պայմաններում գերագույն գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարն է, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է. «Պատերազմը սկսվեց, խեղճ վարչապետը հետո նրա էշությունների համար պտի պատասխան տա, հա՞»:  Եթե վարչապետ բառի կողքին խեղճ որոշչի կիրառումը մի կերպ տանելի է, ապա  պաշտպանության նախարարի հնարավոր գործողությունները էշություններ անվանելը աններելիորեն անտակտ է ու գռեհիկ:

Բանավեճի ընթացքում երբեմն կիրառվում է հեգնանքը:[8] Այն հաճախադեպ է, օրինակ, Մենուա Հարությունյանի խոսքում. «Ինքը դա չարեց, որովհետև գիտի, որ ժողովուրդը այլևս մեծամասամբ իրա հետ չի, և էդ իրա հռչակած քաղաքացու օրը, որը որ ապագայում նշվելու ա որպես սեփական ժողովրդին խաբելու և սուտ ասելու օր, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բոյկոտեց այդ տոնը» (Նարինե Դիլբարյանի դեմ բանավեճից): Այս դեպքում ավելի շատ գործ ունենք մեղադրական ծաղրի հետ: Վարչապետի դեմ ուղղված` քաղաքացիներին ստելու և նշված օրը տոնելով մոլորեցնելու մեղադրանքը հեգնական երանգով ու ավելի արտահայտիչ է հնչում տոնի անվան փոփոխությամբ` տվյալ մեղադրանքը օր բառի որոշիչը դարձնելով: Կամ` «Էդ պարգևավճարը վատ բան ա, երբ որ Սերժ Սարգսյանի ժամանակ էին տալիս: Երբ որ Նիկոլի ժամանակ են տալիս, էտի լավ բան ա, հիանալի բան ա»: (Անի Խաչատրյանի դեմ բանավեճից) Հեգնանքն այս դեպքում արտահայտված է հակադրահամեմատության միջոցով:

Առաջին հերթին պետք է հիշել, որ հեգնանքը չպետք է ուղղված լինի դիմացինի ֆիզիկական (կամ խիստ անձնական) հատկանիշներին[9]:

Մեր ասուլիս-բանավեճերի մասնակիցները երբեմն միմյանց վիրավորում ու անբարեկիրթ վարք են դրսևորում, ինչը, մեղմ ասած, տհաճ է դիտելն ու լսելը: Մինչդեռ բանավիճելիս շատ կարևոր է խոսողի պահվածքը: Հավասարակշռված հանդարտ պահվածքը վստահություն է ներշնչում, ունկնդիրներին տրամադրում դեպի նման պահվածքով մարդը[10]:

Մենուա Հարությունյանի և Անի Խաչատրյանի նախընտրական ասուլիս-բանավեճում երկուստեք կոպտորեն խախտված է հակառակորդի ֆիզիկական ու անձնական տվյալներին «չդիպչելու» արգելքը: Անի Խաչատրյանը Մենուա Հարությունյանին ցինիկ ու խեղկատակ է անվանում` առաջարկելով նայել հայելու մեջ: Իսկ վերջինս ցանկություն է հայտնում այլևս չբանավիճելու Անի Խաչատրյանի հետ` նրան որակելով «քաղաքականապես տգետ անձնավորություն»: Ասուլիսբանավեճը նման դեպքում թողնում էթաղային անմակարդակ վիճաբանության տպավորություն: Եվս մեկ հատված վերոնշյալ ասուլիս-բանավեճից: Երբ Անի Խաչատրյանը դիմում է Մենուա Հարությունյանին` ակնարկելով նրա հրապարակած լուսանկարը (որտեղ վերջինս ձի է նստել` փորձելով նմանակել Դավիթ-Բեկին). «Մի հատ լսի, ավելի շատ դու գնա նստի ձի ու ընկի առաջ դեպի Ադրբեջան»: Կամ` «Դու նա՞յել ես մեկնաբանությունները քո որևիցե նյութի տակ: Բացի հայհոյանքից ոչինչ չես ստանում»: Նման արտահայտությունները բանավեճում ներառվում են տրամաբանական սխալների ենթատեսակներից մեկի մեջ, որ կոչվում է Ad Hominem` անցում անձնավորության[11]:

Դիտարկենք մեկ այլ օրինակ, որտեղ Զոյա Թադևոսյանը գրականագետ Դավիթ Գասպարյանին անհիմն վիրավորում է` միաժամանակ խոստովանելով իր անտեղյակությունը նրա անձին ու գործունեությանը. «Ես Ձեզ առաջին անգամ եմ տեսնում և Ձեր` որպես քաղաքացու դիրքորոշմանը մինչև հիմա ծանոթ չեմ եղել: Դուք երևի եղել եք հարմարվող, կերակրատաշտին մոտ անձնավորություն»: Հարմարվող բառի համատեքստային վիրավորական նրբիմաստը հասկանալի է: Անդրադառնանք կերակրատաշտին մոտ անձնավորություն արտահայտությանը: Կերակրատաշտ բառին` որպես աղայանական ձևակերպմամբ` նմանակման զուրգորդությամբ իմաստային նորաբանության,  անդրադարձել ու այն իր «Իմաստային նորաբանությունները ժամանակակից հայերենում» հոդվածում մեկնաբանել է Լ. Մելքոնյանը. «Նոր իմաստով արտահայտում է բացասական վերաբերմունք` «պետական կառավարման լծակներից ղեկավար անձանց քաղած նյութական օգուտները»»[12]: Խստորեն քննադատելի ու պախարակելի է նման կոպիտ ծաղր հնչեցնելը մի մարդու հասցեին, որին չճանաչելն արդեն արժանի է ծաղրի: Տեղին է հիշել Ս. Գաբրիելյանի դիտարկումը, ըստ որի` անհատի խոսքի մշակույթը և ներքին մշակույթը կարևոր բաղկացուցիչներ են, և եթե առաջինը հենվում է լեզվական նորմերի իմացության վրա, ապա երկրորդը գնահատվում է բարոյական սկզբունքների, հասկացությունների տեսանկյունով` հատկապես սեփական խոսքը, պահվածքը արժևորելու և վերահսկելու ունակության ըմբռնումով:[13]

Արհամարհական խոսքը երբեմն ձևավորվում է անձնական դերանվան սեռական հոլովաձևի և անձնանունների համադրմամբ, ինչը խոսքում հյուսում է մի տեսակ ենթակա լինելու, ստրկամտորեն մեկի գաղափարական հետևորդը լինելու ենթատեքստ: Օրինակ. «Դուք իրավունք չունեք քաղաքականությամբ զբաղվելու: Գնացեք Ձեր Արամ Սարգսյանին վերցրեք և հեռացեք քաղաքական դաշտից» (Մենուա Հարությունյան): Իհարկե, այս դեպքում արհամարհական երանգն ավելի է ուրվագծվում անձի վերաբերյալ վերցնել բայի կիրառմամբ: Մեկ այլ օրինակ Անի Խաչատրյանի խոսքից. «Ես էն մարդն եմ, ում ապրիլի տասներկուսին ոստիկանությունում քո Քոչարյանի հրամանով էնքան են ծեծել տասնութ տարեկանում»:

Քննենք դերանվան` արհամարհական-հեգնական իմաստով կիրառության որոշ օրինակներ. «Արամ Սարգսյանը էն տղեն ա, որ իրա ախպերը Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրել ա քաղաքականութունից, առանց ամաչել, գնացել, Լևոնի կողը կանգնել ա: Էդ եք դուք»: Ակնառու է այդ դերանվան Էդ ձևի` խոսքի արհամարհական երանգն ավելի շեշտող նախադաս շարադասությունը: Դիտարկենք այլ օրինակ. «Ես ամեն օր` առավոտյան, արթնանում եմ, էս Նիկոլը ինձ խնդիր ա տվել, մտածում եմ, ասում եմ` լսի, սա որ մի բան ասում ա, մտածում ա, թե` չէ»: Գուրգեն Եղիազարյանի խոսքում անձի առնչությամբ էս և սա ցուցական դերանունների կիրառումը[14] վիրավորական-արհամարհական գունավորում է հաղորդում ասվածին:

Բանավեճ վարելու համար անհրաժեշտ է բանավեճին առնչվող նյութերի խոր և համակողմանի իմացություն[15]: Այս սկզբունքը ևս հաճախ խոցելի է լինում մեր բանավիճողների համար: Երբ Թեհմինե Վարդանյանը  Մենուա Հարությունյանին ասում է, որ կարող է վերջինիս կուսակցության ընտրական ցուցակում «թայֆաբազության» առնվազն մի քանի օրինակ ցույց տալ, նա փորձում է արդարանալ. «Ես այս ցուցակի կազմման պրոցեսի վրա որևէ ազդեցություն չեմ ունեցել….Նույնիսկ ես երեկ եմ իմացել, որ ես ցուցակում կամ: Եթե ես չգիտեմ` այդ ցուցակը ինչ լոգիկայով ա կառուցվել, ու չգիտեմ ամբողջությամբ…»: Քաղաքական վերլուծաբանի այս արդարացումը բացում է նրա` այս հարցով անտեղյակության փաստը:

Բանավեճերում հաճախ է կիրառվում հարցին հարցով պատասխանելը:[16]

Ահա մի հատված Արամ Հարությունյանի և Արա Պապյանի ասուլիս-բանավեճից.

-Մի րոպե, Շառլի թաղմանը կաթողիկոսի անունը ինչի՞ չտվեց: (Ա. Հ.)

-Ինչի՞ պտի տար: (Ա. Պ.)

-Այսի՞նքն: (Ա. Հ.)

-Իսկ ինչի՞ պիտի տար կաթողիկոսի անունը: Իմ անունը ինչի՞ չտվեց: Ո՞նց կաթողիկոսի անունը: Մենք աշխարհիկ երկիր ենք: (Ա. Պ.)

Արա Պապյանը պատասխանելու փոխարեն շեշտում է իրեն տրված հարցի անհիմն լինելը «ինչի՞ չտվեց»-ը դարձնելով «Ինչի՞ պտի տար», սահմանական եղանակի անկատար անցյալի ժխտական խոնարհմամբ ստորոգյալը դարձնում է հարկադրական եղանակի դրական խոնարհման ձև` արդարանալու փոխարեն հակահարված տալով:

Կարելի է հարցին հարցով պատասխանել և շարունակել խոսքը` այն տանելով ցանկալի ուղղությամբ, օրինակ.

-Որևէ մեկը բարոյական իրավունք չի տվել մեր իսկ ապրած պատմությունը վերախմբագրելու: Դուք տեսե՞լ եք Հանրային հեռուսատընկերության եթերում էդ վերջին ֆիլմը:

-Իսկ դա ինչի՞ն հաջորդեց: Ինչի՞ն հաջորդեց: Հանրային պահանջ էր: Հանրային պահանջը հաջորդեց ձեր այն ֆիլմին, երբ որ հինգերորդ ալիքն էր, եթե չեմ սխալվում, ցույց տվեց այն սո՛ւտ, սո՛ւտ ֆիլմը: (Անի Խաչատրյան)

Հակադրությունները ևս խոսքը բավական տպավորիչ են դարձնում: Ասուլիս-բանավեճերում հնչող պարզունակ հակադրությունների կողքին կարելի է առանձնացնել գրականագետ Դավիթ Գասպարյանի հետևյալ  (Զոյա Թադևոսյանի դեմ բանավեճից) ազդեցիկ ու հակադրալից խոսքը. «Եվ մենք, որ ամբողջ պատմության ընթացքում պարտված, տանուլ տված, ծեծված, ջարդված, փախած, գաղթական, խե´ղճ, խե´ղճ, խե´ղճհաղթո´ղ ժողովուրդ եղանք: Հաղթող ժողովուրդը իր երկրում պետք է հաղթողի պես հպարտ ապրեր, լի, լավ, բայց դժբախտաբար էդպես չեղավ, որովհետև հաղթանակն էլ սեփականաշնորհվեց»: Իրար հաջորդելով աստիճանավորում կերտող հոմանիշներից, խեղճ բառի միտումնավոր կրկնությունից հետո հաղթող որոշիչը իմաստային հակադրութամբ անմիջապես տպավորում է ունկնդրին:

Բանավեճում հաճախ են կիրառում հեղինակությունների վկայակոչումներ, մեջբերումներ: Ասուլիս-բանավեճերում հանդիպում ենք բազմաթիվ մեջբերումների Աստվածաշնչից: Օրինակ`«Բոլորը հասկացան, որ լռելու ժամանակն է, հիշում եք չէ՞,  որ Աստվածաշնչում նշվում է` կա քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը, կա լռելու, ես կարծում եմ, որ իսկապես կար լռելու ժամանակը, որովհետև պետք էր ինչ-որ ժամանակ տալ, որպիսի պարզվի, թե հեղափոխությունը և նրա առաջադրած հիմնական, էսպես, կարգախոսները ով ինչպես է ընկալել: Հիմա էկել է խոսելու ժամանակը»: (Նարինե Դիլբարյանի խոսքը Մենուա Հարությունյանի դեմ ասուլիս-բանավեճից)

Ասուլիս-բանավեճերում երբեմն հանդիպում են տպավորիչ համեմատություններ: Կաթողիկոսի և հոգևոր իշխանության ապօրինությունների դեմ պայքարող Տիգրան Եղոյանն ասում է.«Երեսուն տարի սպասել ենք, Հայր Կոմիտաս, ի՞նչ անենք»: Հայր Կոմիտասը շեշտում է անմիջապես չգործելու և երկար սպասելու ահավորությունը հետևյալ համեմատությամբ.«Հիմա հազար անգամ ներողություն եմ խնդրում: Եթե մեկի կինը իրեն դավաճանում է, երեսուն տարի սպասում է, որ երեսուն տարի հետո ձայնը բարձրացնի՞ դավաճանության»: Կամ` երբ Տիգրան Եղոյանը, հատուկ անվան հասարակացմամբ արհամարհական երանգ հաղորդելով խոսքին, փաստում է. «Բենթլիները կճոյաններին (ճոխ ու շվայտ կյանք վարող հոգևորականների նշանակությամբ) նվերներ են տալիս», շարունակելով խոսքը` նշում է, որ Կճոյանը պետք է վաճառեր թանկարժեք նվերը և տար չքավորներին, Հայր Կոմիտասը կրկին դիմում է Աստվածաշնչին.«Տիգրա՛ն ջան, նայի՛ր: Քրիստոսը, որ այդքան աղքատություն էր քարոզում, երբ էն կինը եկավ, իր ամենաթանկ յուղով օծեց, Քրիստոսը չասեց` չէ, ինչո՞ւ ես ինձ էս յուղով օծում: Էդ յուղը տար ծախի, փողը բաժանիր աղքատներին: Չասեց նա: Մարդը մի հատ մեքենա ա նվիրել»: Կամ` երբ Արա Պապյանը ընդգծում է բոլոր քաղաքացիների իրավահավասարության ու ընտրության հնարավորության փաստը, Արամ Հարությունյանը հակադրվում է նրան հետևյալ համեմատությամբ. «Այո, ժողովուրդը որոշեց, որ Քրիստոսին պետք ա խաչել, Բարաբբային արդարացնել»:

Հարցախեղդի մեթոդը ևս հաճախ է կիրառվում ասուլիս-բանավեճերում: Ահա մի օրինակ.

-Դուք դա ե՞րբ եք իմացել: (Ա. Հ.)

-Ես իմացել եմ էդ ժամանակ, որ տարել են: (Ա. Պ.)

-Բա ինչի՞ չէիք ասել: (Ա. Հ.)

-Որովհետև վախեցել եմ, որ հաջորդը ես ԿԱԿԵԲԵ-ի պադվալ-ում կհայտնվեմ: (Ա. Պ.)

-Ի՞նչ իմանամ` հիմա էլ Նիկոլից չեք վախենում, դրա համար տենց եք ասում: (Ա. Հ.)

-Նիկոլից չեմ վախենում: (Ա. Պ.)

Բանավեճի (նաև ելույթի), մասնավորապես բանավոր և ունկնդիրների ներկայությամբ ընթացող բանավեճի դեպքում շատ են կարևորվում հոգեբանական գործոնները:[17] Թերևս առավել ընդգծենք համոզումը: Այն տրամաբանական հիմնավորումների վրա ձևակերպված ինֆորմացիա է, որն ուղղված է զրուցակցին համաձայնության բերելուն` նրա վրա ինտելեկտուալ ազդեցություն գործելու միջոցով[18]: «Համոզումը՝ որպես գործաբանույթ, ունի բանական և հուզական ներգործման նպատակաուղղվածություն և իրացվում է փաստարկման ռազմավարության միջոցով»[19]։ Գործածվում են լեզվաոճական տարբեր միջոցներ:

Տարածված է ամոթի շահարկման հնարը[20].

  • Եվ ասեմ, որ բանիմաց և խելացի մարդիկ այդ ասուլիսից հետո հասկացան, որ Նիկոլը ոչ միայն խաբում է, այլ նաև լավ կռուտիտ է լինում: (Մենուա Հարությունյան)
  • Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը Արշակ Սադոյանին մեղադրում է նախկինում լռելու համար, վերջինս ասում է. «Ներողություն, կամ Դուք Հայաստանի քաղաքացի չեք, չնայած մտավորական եք, կամ Դուք չգիտեք, թե ես անձամբ, որ մի տարի փախել եմ, եղել եմ ամենասարսափելի նեղ, ուտել-խմելու տեսակետից էլ վատթար վիճակով, ես էս նոր եմ խոսում, հա՞»:
  • Բայց ես չեմ ցանկանում իմ երեխաները ապրեն նման երկրում: Ես ցանկանում եմ իրավական երկրում ապրեն: Եվ կարծում եմ` ցանկացած իրավական գիտակցություն ունեցող քաղաքացի, ոչ թե տգետ և դեմագոգ, դա ա ցանկանում, անկախ իրա սիմպատիաներից կամ պատկերացումներից: (Մենուա Հարությունյան)

Բանավիճելիս երբեմն կիրառվում է կեղծ սիրաշահման հնարը: Այդ դեպքում կողմերից մեկը մյուսին վերագրում է դրական այնպիսի հատկանիշներ, որոնք ունենալով` նա չի կարող հակադրվել իրեն: Նման դեպքերում գործածվում են մոտավորապես այսպիսի ձևակերպումներ` «Ձեզ նման կրթված մարդը չի կարող չիմանալ….», «Եթե Ձեզ նման փորձառու մարդն էլ է դժվարանում, բա մյուսները….», «Դուք, որ խելացի մարդ եք, չեք կարող չհամաձայնել….» և այլն[21]: Օրինակ. «Դուք դիվանագետ եք: Ո՞նց եք ըտենց բան ասում» (Արամ Հարությունյան): Կամ`«Դուք գոնե արտաքինի հետ կապված մասնագետ եք ու լավ մասնագետ եք, կանգնեք, ասեք` սխալ է, ինչի՞ չեք ասում»: Ուշադրություն դարձնենք արտաքինի հետ կապված մասնագետ կապակցությանը: Բանավեճում հաճախ կարելի է հանդիպել փոխանվանական կառույցների, սակայն վերոնշյալ կիրառությունը հաջող չէ, քանի որ իմաստային չգրված տրամաբանությամբ արտաքինն առավելապես ասոցացնում ենք արտաքին տեսքի, իսկ արտաքինի հետ կապված մասնագետ-ը` դիմահարդարի, վարսահարդարի և նման այլ մասնագիտությունների հետ: Այս կապակցության տակ արտաքին քաղաքականության մասնագետ, դիվանագետ հասկանալը բանավեճից դուրս անհնար է, այն անգամ համահունչ չէ բանավիճային տվյալ խոսքաշղթային: Կամ օրինակ. «Չէ, Հոկտեմբերի 2-ը էտի ասֆալտից առաջ ա, հետո ա էղել»: Բանավիճողները բազմիցս կիրառում են մարտի 1, ապրիլի 12, հոկտեմբերի 9, 2  և այլ ամսաթվեր` բոլորին հայտնի իրադարձային օրեր համարելով ու չմանրամասնելով, սակայն ասֆալտից (Նիկոլ Փաշինյանի` ասֆալտին փռելու սպառնալիքը ավագանու անդամին) առաջ արտահայտությունը, առավել ևս այդ ցուցական դերանվան էտի ժարգոնային ձևի կիրառմամբ խոսքը իջեցնում է առօրյա ընտանեկան զրույցի մակարդակի: Կամ մեկ այլ ասուլիս-բանավեճում Գուրգեն Եղիազարյանն ասում է. «Հիսուն-հիսունը (50/50-ը) բացվե՞ց: Ո՞ւր ա: Լավ ասեմ. իշի զատկին կբացվի: Տեսնենք: Երբ որ հիսուն-հիսունը կբացվի, դուք կգաք, ես բոլորիցդ ներողություն կխնդրեմ»: Հիսուն-հիսուն («50/50») արտահայտությունը առանց պարզաբանելու (Ալեքսանդր Սարգսյանի բիզնես գործունեության վերաբերյալ) կիրառելը խոսքը դարձնում է պարզունակ ու որոշակիորեն անհասկանալի:

Կարելի է կատակել և սիրաշահել հակառակորդին միաժամանակ:  Ահա, օրինակ, Երբ Թեհմինե Վարդանյանը Մենուա Հարությունյանին մեղադրում է և ասում, որ ինքը դեռևս չի նկատել, որ քսան տարվա մեջ նա բողոքները բարձրաձայներ, վերջինս ասում է. «Ուշադիր չեք էղել: Տարված եք էղել Ձեր գեղեցկությամբ»: Կամ`«Ես հպարտ եմ, որ Ձեր նման գեղեցիկ կինն է ինձ քննադատում»:

Փոխաբերությունները կիրառվում են հաճախ խոսքն ավելի տպավորիչ, սուր դարձնելու համար: Օրինակներ.

  • Հիվանդ մարդուն պետք չի սպանել, հիվանդ մարդուն պետք է բուժել: Եթե մենք ունենք մեր մեջ հիվանդություններ, մտածենք դրանք բուժելու մասին, ոչ թե խեղդենք ու սպանենք: (Հայր Կոմիտաս)
  • Լսի, քսան տարի արյուն ա թափվել միայն այս երկրում: Քսան տարի ես երկրում դուք մենակ արյուն եք թափել: Դուք արյուն եք թափել: Դուք ինձնից գարուններ եք գողացել: (Անի Խաչատրյան)
  • Դարձյալ ինքը սկսեց խոսել «սերմնացու գողացող մկների» մասին` բանակը թալանածների մասին, էն դեպքում երբ որ ինքը արդեն մեկ տարի ա իշխանության է և շատ հանգիստ կարող էր բացահայտել էդ նույն բանակը թալանածներին կամ էլ մկան թալակ դնել և բռնել էդ մկներին: (Մենուա Հարությունյան)

Բանավեճի ընթացքում գործածվում է նաև մի միջոց, որով խոսողը ցանականում է իր տեսակետները ներկայացնել որպես համընդհանուր ճանաչում ունեցող, բոլորին հայտնի անառարկելի իրողություններ` ընդ որում որևէ հակադրություն չստեղծելով.

  • Ես բերում եմ հենց առաջին երկուսի անունները, որոնք էսօր մեր ամբողջ հանրության առաջ, մեր ամբողջ ժողովուրդն ա խոսում, թե ովքեր են եղել: (Տիգրան Եղոյան)
  • Անի՛, ամո՛թ ա, ամո՛թ, ամո՛թ ա: Մենք բոլորս գիտենք: Մի՛ վարկաբեկեք սպարապետի ընտանիքը: Ձեր կուսակցության ղեկավարը ամեն ինչ անում ա իրա եղբոր անունը վարկաբեկելու համար: (Մենուա Հարությունյան)
  • Վերջերս հայտարարեցին Սարդարապատի հերոսամարտի օրը, Դուք բոլորդ ականատես եղաք` մեր ժողովուրդը ոնց էր ընդունում վարչապետին: Բայց ի՞նչ իրավիճակում էր հայտնվել մեր գահակալը: Քանի՞ հավատացյալ ուխտավոր մոտեցավ: (Տիգրան Եղոյան)

Ընդգծուն տարբերություն կա «բոլորը գիտեն» և «բոլորս գիտենք» արտահայտությունների միջև: Աննշան թվացող ս դիմորոշ հոդը իմաստային մեծ փոփոխություն է հաղորդում խոսքին. բանավիճողն ակնարկում է, որ իրեն չի առանձնացնում լսարանից:

Առերևույթ համաձայնության եղանակը մեր ասուլիս-բանավեճերում սովորաբար բանավիճողը կիրառում է հարցին կոնկրետ պատասխանելուց խուսափելու համար: Երբ բանավեճը վարող լրագրողը Հայր Կոմիտասին ասում է, որ պետք չէ աղանդների թեման ամեն անգամ շահարկել կաթողիկոսի անօրինությունները թաքցնելու համար, դրանք ակնառու են ու հայտնի բոլորին, վերջինս ասում է. «Շատ լավ: Ես դրա մասին չեմ խոսում: Ես Ձեզ ասեցի»:

Հնարավոր կեղծիքների և ճարտասանական խորամանկումների կամ կեղծիքների դեմ միջոցառումներ ձեռնարկելու կարողությունը ևս կարևոր պայման է բանավեճը նպաստավոր եղանակով առաջ տանելու համար[22]: Օրինակ` երբ Արամ Հարությունյանը ասում է. «Ես ասում եմ, որ եթե դա պիտի, ասենք արտահերթը պիտի գնացվի, արտահերթը պիտի գնացվի, ապա պիտի դա գնացվի ոչ թե հիմա, որովհետև կրկնում եմ, առայժմ էս հինգ ամսվա մեջ Նիկոլ Փաշինյանը վստահություն չի ներշնչում»: Արա Պապյանը հակադարձում է. «Ո՞ւմ չի ներշնչում»: Այս կերպ բանավիճողը բացահայտում է հակառակորդի միտումը` մասնավոր կարծիքը ընդհանուրի տեղ կիրառելու (ինչն անում է հանգման խնդրի միտումնավոր բացթողնմամբ), և հակադարձում է հարցով, որը ենթադրում էր այդ բացակայող անդամի պարզաբանումը: Հնարավոր չէ չնկատել նաև մի քանի անգամ կրկնվող պիտի գնացվի անընդունելի բայաձևի գործածությունը:

Կիրառվում է նաև բացակա մարդուն դիմելու հնարը: Օրինակ.«Տիկի՛ն Խաչատրյան, կարծում եմ` Դուք պետք է «Հանրապետություն» կուսակցությունից էնքան ողջամտություն, համարձակություն ու բարոյականություն ունենաք Ձեր մեջ, և մեզանից ներողություն խնդրեք, որովհետև մենք դա Ձեզ զգուշացրել էինք, որ Զարուհի Փոստանջյանի ետևում Քոչարյանի ականջներն են երևում, իսկ արդեն իսկ դա Փոստանջյանը չի էլ թաքցնում»: (Անի Խաչատրյան)

Եթե բանավիճողը դիմում է տվյալ պահին բացակա անձին, պետք է հարգանք ցուցաբերի նրա նկատմամբ, մինչդեռ երբեմն նաև հակառակ պատկերն է հանդիպում.

«Ընգե´ր (վարչապետին), դու մի արա էդ նախկին սխալները: Փոխի իսկապես էն բաները, որոնք հասարակությանը ներվայնացնում են, և ես նայում եմ վեց ամիս, տենում եմ` էս տղեն նույն բանն ա շարունակում, այսինքն` ի՞նչ ա անում: Իշխանությունը հագել ա, կարել ա իրա վրա և նախկին սաղ արատները շարունակում ա: Եվ ես ասում եմ` ընգե´ր, մի´ խաբի իմ ժողովրդին» (Մենուա Հարությունյան): Բանավիճողը, անկախ սեփական կարծիքի հիմնավոր լինելուց ու դիմացինին ուղղված քննադատության ոգևորությունից, իրավունք չունի երկրի բարձրագույն պաշտոնյանին դիմելու ընգեր, էս տղեն և նման բառերով: Չենք կարող չնկատել նաև ժողովուրդ բառի կողքին իմ  հատկացուցչի կիրառումը, որ լսարանի վստահությանն արժանանալու, սեփական սրտացավությունը հաղորդելու միջոց է:

Դիտարկենք հատված Գուրգեն Եղիազարյանի խոսքից (տվյալ ասուլիս-բանավեճում բացակա Նիկոլ Փաշինյանին ուղղված). «Բայց եթե դատարաններում կար երեք-չորս հոգի կարգին մարդ, տո՛ եթե ոչ մի կարգին մարդ չկար, տո՛ դու ո՞վ ես, որ դատարանները փակես, որ դու գնաս դատական իշխանության դեմ, որն էս սահմանադրությամբ ուղիղ ամրագրված է որպես իշխանություն: Դու ո՞վ ես»: Տվյալ դեպքում անհրաժեշտ Դուք-ի փոխարեն դու-ի գործածումը տո կոչական ձայնարկության հետ ավելի հեգնական-արհամարհական է դարձնում ընդգծված հարցը, որ դրական կառույցով արտահայտմամբ հանդերձ ունի ժխտողական իմաստ և չի ենթադրում պատասխան: Ճարտասանական հարցման կիրառումը ասուլիս-բանավեճերում սովորական է ու տարածված.

  • Կարող են, բայց շատերն էլ արդեն դադարեն մականունավոր պատգամավորների առատությունից: Հիմա մականունները որ շարում են, որևէ մեկը դիմադրու՞մ ա դրանց: (Հրանուշ Խառատյան)
  • Համերաշխության, սիրո մթնոլորտով էկած հեղափոխության ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ կբաժանվեն սևեր-սպիտակ, ասֆալտ կփռեն, պատ կծեփեն, ո՞ւմ, ասեք, մտքով կանցներ, որ կարա սենց բան ըլնի: Ո՞ւմ մտքով կանցներ, որ Ծառուկյանով վարչապետ առաջադրված Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի ավագանու յոթերորդ անդամին կպառկացնի գետնին: Կարելի՞ ա տենց բան ուղղակի պառկացնելու համար: (Արամ Հարությունյան)
  • Ամոթ ա ձեզ: Դուք մարդուն, որի նկատմամբ դեռևս դատական որոշում չկա, հանցագործ եք անվանում: Ո՞նց կարելի ա Ձեզ նման մարդուն թույլ տալ քաղաքականությամբ զբաղվել: Ո՞նց կարելի ա Ձեզ եթեր հրավիրել ընդհանրապես: (Մենուա Հարությունյան)

Կ. Բրեդեմայերը ճարտասանական հարցերի դրական  նպատակը համարում է կրկնության միջոցով  արդեն ասվածի ընդգծումը, իսկ բացասականը` ցինիկ կամ սադրիչ նկատողություն անելու միտումը, ինչի նպատակն է հակառակորդին շփոթմունքի մատնելը կամ նրան անհարմար վիճակի մեջ դնելը[23]: Մեր ասուլիս-բանավեճերում ավելի շատ հանդիպում են երկրորդ նպատակին ծառայող ճարտասանական հարցեր:

Երբեմն կիրառվում է հետաձգման հնարը, այսինքն` կողմերից մեկը չի խոսում որևէ  հարցի վերաբերյալ` իբր տվյալ դեպքում հարմար չհամարելով կամ ցույց տալով, թե իբր այնքան շատ ասելիք ունի, որ այդ պահին դրան անդրադառնալու ժամանակ չկա, կամ էլ իբր խնայում է հակառակորդին[24]:Նման դեպքերում գործածվում են այսպիսի արտահայտություններ` «Այդ մասին ավելի լավ է չխոսենք….», «Այնքան ասելիք կա….», «Եկեք դրան չանդրադառնանք….», «Ավելի լավ է բերանս բաց չանեմ….» և այլն: Երբ Մկրտիչ Մինասյանը հիշեցնում է Գառնիկ Իսագուլյանին, որ ընտրությունների ժամանակ իր կողքին է նա նստած եղել, չի կարող բան ասել, մինչդեռ եկել, նույն ընտրությունների անցկացումից է հարցնում, վերջինս ասում է. «Դրա համար ես ձեն չեմ հանում, խելոք նստում եմ, մեռնեմ կյանքիդ: Բա ի՞նչ ասեմ: Ամոթ է ասեմ, դրա համար էլ չեմ ասում»: Այստեղ չի կարող ուշադրություն չգրավել նաև քաղաքական բանավեճի համար «անչափ ինքնատիպ»` մեռնեմ կյանքիդ ժարգոնայինարտահայտությունը:

Ասուլիս բանավեճերում հանդիպում են նաև չափազանցության ուշագրավ կիրառություններ.

  • Ընդեղ գրված է, բացեք. «նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները ուժի մեջ են մտնում համապատասխան նախարարի վավերացումից հետո»: Էդ ի՞նչ նախագահ է, պետության գլուխ էլ դրել եք անունը առանց ամոթի, որը պտի նախարարի վիզան ստանա, որպեսզի տուալետ գնա: (Գառնիկ Իսագուլյան)
  • Ընդամենը մի տարբերություն ա լինելու Լևոնի տարիների ու Նիկոլի տարիների. հիմա լույս կունենանք: Էդ ա լինելու տարբերությունը: Ուրիշ ոչ մի տարբերություն: (Մենուա Հարությունյան)

Երկու դեպքերում էլ չափազանցությունները ծաղրի արտահայտմանն են ծառայում: Ընդ որում, սրանք կարելի է համարել մեյոզիսներ[25] (նվազեցումներ կամ նվազաբերություններ):

Բանավեճի հնդկական կանոնի կիրառումը արդի հայկական ասուլիս-բանավեճերում խորթ չէ. «Այս կանոնը խորհուրդ է տալիս մինչև զրուցակցի, ընդդիմախոսի տեսակետը վերլուծելը, առավել ևս` քննադատելը` նախ վերաշարադրել այն, ստանալ զրուցակցի համաձայնությունը, որ իրեն ճիշտ են հասկացել, հետո միայն անցնել դրա վերլուծությանն ու քննադատությանը»[26]: Նման դեպքերում կիրառվում են«այսինքն»,«Ձեր կարծիքով`….», «Դուք ուզում եք ասել, որ….», «Ստացվում է, որ….», «Ես Ձեզ ճի՞շտ եմ հասկացել» և լեզվական նման միջոցներ, օրինակ.

  • -Այսինքն, հիմա Դուք ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյա՞նն ա դրել էդ մարդկանց հրահրում, որ գնան վեհարանի վրա: (Արամ Հարությունյան)

-Իհարկե: Բա նշանակեցին մեկին ռեկտոր, նշանակեցին մեկին ռեկտոր: Առանց Նիկոլ Փաշինյանի կարող էին նշանակե՞լ: (Արա Պապյան)

  • -Այո, կլինեն այդպիսի երույթներ, բայց կներեք ես էսօր սրճարան են գնում, մատուցողների բավական մեծ տոկոսը էդպիսին են: Ես շատ նորմալ եմ վերաբերում, ես չեմ ասում…. (Եսայի քահանա Արթենյան)

Այսինքն` ցուցաբերում են մի քիչ կնանման վարք: (Արամ Հովսեփյան)

-Այո: (Եսայի քահանա Արթենյան)

-Դա չի նշանակում, որ մենք հաստատ գիտենք իրենց օրիենտացիան: Եվ նաև կա ինֆորմացիա, որ գեյերի մեծ մասը կնանման վարք չեն դրսևորում, չեն ցուցաբերում: Էդ էլ կա: Եվ կան մարդիկ, ովքեր ցուցաբերում են կնանման վարք, բայց գեյ չեն լինում: (Արամ Հովսեփյան)

Ասուլիս-բանավեճերի ամենահաճախադեպ լեզվական իրողություններից են կրկնությունները, որ ունենում են տարբեր պատճառներ ու դրսևորումներ:

Կրկնությունը կարող է առաջանալ` իբրև նյարդային մեծ լարման հետևանք: «Եթե հույզերը բացասական են և ֆրուստրացիայի արդյունք, ապա խոսքը կարող է դառնալ ստերեոտիպ, կաղապարային ու սևեռված. միևնույն բառերն ու արտահայտությունները ասվում են կրկին ու կրկին, թեև արդեն ավելորդ են, աննպատակահարմար»[27]: Օրինակ. «Դու, դու, դու, դու չես, դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, որ խաբես ու բան անես: Քեզ չի էլ ընկալում հանրապետությունը» (Անի Խաչատրյան): Այստեղ դու դերանվան կրկնությունը ակնհայտորեն նյարդային լարման հետևանք է:

Կրկնությունը կարող է լինել միմյանց զուգահեռ խոսելու հետևանք. «Էս երկրում, Էս երկրում, Էս երկրում,(զուգահեռաբար խոսում է մյուս բանավիճողը) այս երկրում բացի հավատացյալներից կան աթեիստներ, որոնք հավասար իրավունքներ ունեն, և երբ որ վարչապետը կտար կաթողիկոսի անունը, կվիրավորեր էս երկրի քաղաքացիների մի զգալի մասին, որոնք աթեիստ են»: Արա Պապյանի բառային կրկնությունները միտքը շեշտելու, այն լսելի դարձնելու, սեփական խոսքը շարունակելու անհրաժեշտությամբ են հնչում, քանի որ զուգահեռաբար բանավիճող Արամ Հարությունյանի ձայնը խոչընդոտում էր դրա լիարժեք արտահայտմանը:

Բառային միավորները կամ կապակցությունները հաճախ ամբողջապես են կրկնվում, օրինակ. «Դուք ֆեյք ընդդիմություն եք: Դուք ֆեյք ընդդիմություն եք» (Մենուա Հարությունյան): Նման կրկնությունները գերազանցապես ոգևորվածության ու նյարդային լարման արդյունք են:

Կրկնություններ են հանդիպում նաև շարադասական փոփոխությամբ, որ միտքն ընդգծելու միջոց է: Ահա նույն բանավիճողի խոսքի նման օրինակ. «Աշխարհի որևէ ժողովրդավարական կայացած երկրում, որևէ կայացած ժողովրդավարական երկրում թույլ չեն տա, որ քաղաքացին փողոցային պայքարով իշխանություն փոխի»: Կամ` «Ես իր պատասխանն եմ վերադարձնում: Ես վերադարձնում եմ իր պատասխանը»:

Կարեն Քոչարյանը Գուրգեն Եղիազարյանի դեմ բանավեճում ասում է. «Էդ մարդիկ ամեն օր պատերազմի մեջ են ապրում, ամե՛ն օր, ընդ որում` ծնված էրեխուց մինչև պառավ կին»: Ինչպես տեսնում ենք, առանձին միավորների կրկնությունը կարող է դրանց ընդգծմանն ու շեշտմանը ծառայել:

Կրկնվող միավորները առավել տպավորիչ են հնչում ետադաս կիրառությամբ.

  • «Ընկերներ, թևերը կարող են կտրել միայն օրենքները: Կաշառակերությունը և ստվերը կարող են վերացնել միայն օրենքները: Ոչ մի անհատ ոչինչ չի կարող անել» (Նարինե Դիլբարյան):
  • «Հիմա երկրապահը կաշխատի ՔՊ-ի համար, ուժայինները աշխատելու են էլի ՔՊ-ի համար, Մուկուչյանը կաշխատի ՔՊ-ի համար: Էս ա խնդիրը: Բան չի փոխվել: Էն բանի ասած` թավիշն ա շատացել» (Արամ Հարությունյան):
  • «Հանձնե´ք: Հանձնե´ք: Ղարաբա´ղն էլ հանձնեք: Հայաստա´նն էլ հանձնեք»: (Դավիթ Գասպարյան)

Բայական անդամի կրկնությունը կարող է ծառայել գործողության ընթացքի, տևականության ներկայացմանը. «Էդ որոշումները, իհարկե, բերեցին, բերեցին, բերեցին, հասցրեցին ըտեղ» (Գուրգեն Եղիազարյան): Բերեցին անդամի կրկնությունը, կարելի է ասել, աստիճանաբար կամ նմանիմաստ բառի կիրառմանը փոխարինած իրողություն է, որ հնարավոր է բացատրել հանպատրաստից խոսքի արագությամբ պայմանավորված պարզունակությամբ:

Կրկնությունը ավելի ազդեցիկ է հնչում աստիճանավորման զուգակցմամբ. «Ես ուզում եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մեզ գարուն չի պարտք: Ռոբերտ Քոչարյանը մեզ քսան տարի ա պարտք: Ռոբերտ Քոչարյանը մեզ տարվա բոլոր եղանակներն ա պարտք: Ռոբերտ Քոչարյանը մեզ պարտք ա հոկտեմբերի 27, Ռոբերտ Քոչարյանը մեզ պարտք ա ապրիլի 12…. ապրիլի 12, գարուններ ա մեզ պարտք Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանը մեզ աշուն ա պարտք: Ռոբերտ Քոչարյանը մեզ Վազգեն Սարգսյանի արյունն ա պարտք էս ժողովրդին, Կարեն Դեմիրճյանի» (Անի Խաչատրյան):

Պետք է հիշել. «Կրկնության փոքր չափաբաժինը խրախուսող ազդեցություն է ունենում, բայց չափազանց մեծ չափաբաժինը քնեցնում է կամ հիասթափեցնում»[28]: Ասուլիս-բանավեճերից մեկում Մենուա Հարությունյանը մոտ վեց րոպե տևած խոսքում 32 անգամ գործածում է ինքը բառը, հոլովված տարբերակով`ևս 14 անգամ, 4 անգամ` Նիկոլ Փաշինյան, 12 անգամ` Նիկոլ: Նման խոսքը լսելը այնքան էլ հաճելի չէ:

Անհրաժեշտ է նաև լավ տիրապետել խոսքարվեստին: Վատ խոսքը լավ տպավորություն չի թողնի[29]: Իհարկե, բանավիճողների խոսքը քննադատելիս պետք է հաշվի առնել երկխոսություններում արագ կողմնորոշվելու և խոսք կառուցելու դժվարությունները: Հոգեբանությունը նման խոսքային իրողությունները համարում է իրադրային և բնորոշում այսպես. «Այն շատ քիչ կազմակերպված է: Երկխոսության մեջ ռեպլիկը, ըստ երևույթին, սովորաբար ծրագիր չունի. եթե այստեղ նախադասությունը կառուցվում էլ է, ապա այդ կառուցումը շատ պարզ բնույթ ունի: Երկխոսությունը կարծես «հոսում է» ինքն իրեն, նրանում ամեն մի նոր նախադասություն պայմանավորված է իրադությամբ և նախորդած նախադասություններով (կոնտեքստով)»[30]:

Բերված բազմաթիվ օրինակներից կարելի է ամբողջացնել հայկական ասուլիս-բանավեճերին բնորոշ լեզվաոճական պատկերը: «Հայկական լրագրողները և տաղավարի հյուրերը առավել հաճախ խոսքում օգտագործում են պարզ ընդարձակ նախադասություններ»[31]: Տարածված են նաև թերի նախադասությունները, որ սովորաբար ընդհատումների արդյունք են:

Մեր բանավիճողներըհաճախ են կիրառում ստորադասական նախադասության հետևյալ միօրինակ կաղապարները` «Ես կարծում եմ, որ…», «Ասեմ, որ…», «Պետք է նշեմ, որ…», «Ես խորապես վստահ եմ, որ…», « Կարող եմ ասել, որ…» և այլն: Հաճախադեպ են պատճառի պարագա ստորադասական կառույցները, որոնցում խոսքի արագության ազդեցությամբ որովհետև-ը դառնում է ոյտև կամ որտև:

Խոսքի` իրենց համար կարևոր հատվածի` սովորաբար առաջ քաշվող հարցի վրա ուշադրություն հրավիրում ենոչ այնքան շարադասական, հնչերանգային, որքան խոսքային կաղապարների միջոցով, օրինակ` «Ես ուղղակիորեն ուզում եմ նշել հետևյալը», «Խնդիրը հետևյալն ա», «Հիմա ինչո՞ւմն է խնդիրը», «Ավելին ասեմ», «Մենք ի՞նչ խնդիր ունենք», «Մեր խնդիրը ո՞րտեղ է»:

Չափազանց շատ են բանավիճողի խոսքում ավելորդաբանությունները `տեսեք, ասենք, չգիտեմ, ուրեմն, օրինակ, գիտեք ինչ, մի հատ, այսինքն, որ արագ ու անփույթ բանավիճային խոսքի արդյունքն են: Դրանք խոսքը երկարացնելու և մտածելու միջոցներ են, որոնց չարաշահումը ավելի քան տգեղացնում և ծանր լսելի է դարձնում խոսքը:Նկատելիորեն շատ են նաևշարադասության և համաձայնության սխալները: Օրինակ Արա Պապյանի խոսքից. «Ես էլ եմ ուզում փոփոխությունը, ես էլ եմ շատ բանով դժգոհում, ես էլ եմ էդ արտաքին քաղաքականության մեջ իմ համար շատ բաներ հասկանալի չի և այլն: Բայց ի վերջո կա առաջնահերթություններ, առաջնահերթությունն էլ իմ համար շատ պարզ ա»:

Ասուլիս-բանավեճերում և, առհասարակ, բանավոր խոսքում վերջին շրջանում լայնորեն տարածվել է նույն հասկացության օտարաբան և հայերեն համարժեքների համատեղ կիրառումը` ինքնատիպ` կարծես բացահայտչային հարաբերությամբ.

  • «Եվ վերջիվերջո, որևէ վարչապետ, որևէ մարդ չի կարող ամբողջ կառավարության համար գառանծիա ունենալ` երաշխավորել, որ ինչ-որ մեկը տեղում ինչ-որ մի բան չի անի»:  (Վահան Բաբայան):  
  •  «Կամ կներեք, դիվանագիտությունը սելֆի անե՞լ ա, եթե, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվողական քաղաքականություն էր վարում, Սերժ Սարգսյանը` խաղատնային, Նիկոլ Փաշինյանը` լիֆտային` վերելակային քաղաքականություն ա վարում» : (Արամ Հարությունյան)
  •  «Իրենց իսկ խոստումների և այն պլանկայի, որ իրենք դրել են, այն նշաձողի գերին են դառել» : (Կարեն Քոչարյան):

Անհամաձայնությունը ասուլիս-բանավեճերում արտահայտվում է հիմնականում հետևյալ կաղապարներով` «Ես Ձեզ հետ համաձայն չեմ», «Չեմ կարծում», «Համաձայն չեմ» և այլն: Երբեմն անհամաձայնության արձագանքը հնչում է հարցադրմամբ` «Ո՞նց», «Ինչպե՞ս», «Ի՞նչ», «Դուք լո՞ւրջ եք ասում»: Հանդիպում են նաև անհամաձայնության ավելի անբարեկիրթ դրսևորումներ արհամարհական տոնով` «Լավ է՞», «Հա, էղավ», «Եղավ, Ձեր ասածն ա» և այլն:

Քանի որ ասուլիս-բանավեճերում կողմերը հաճախ են ընդհատում միմյանց, խոսքի ընդհատումը կանխելու համար սովորաբար կիրառվում են հետևյալ խոսքային միավորները`«Ես Ձեզ ուշադիր լսեցի», «Ես վերջացնեմ», «Մի բան էլ ասեմ և վերջացնեմ», «Ես մի հատ էլ բան ավելացնեմ և լռեմ», «Մի րոպե», «Միտքս ավարտեմ», «Թողեք շարունակեմ», «Խնդրում եմ` ինձ մի´ ընդհատեք, ես Ձեզ չեմ ընդհատել»:

Նկատենք նաև, որ թե նշված բազմաթիվ օրինակներում, թե´ շատ այլ դեպքերում քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին հիշատակում են միայն անուններով, ինչը բարեկիրթ չէ. «Միայն անունով չեն դիմում տարեց և բարձր հասարակական դիրք ունեցող մարդկանց, ինչպես նաև ղեկավարին, եթե դա ծառայողական սովորույթ չէ»[32]:

Ահա լեզվական նմանատիպ խախտման ևս մեկ բացառիկ օրինակ. «Էսօր մոռացա ասեմ, հիմա երկրապահը սկզբից մտածում էին Արամը Նիկոլի հետ ա, Արամին առաջադրեցին, հիմա էրեգ իմացան, որ Սասունին են առաջադրում, որովհետև արդեն պետք ա: Երկրապահը հիմա էլ ուզում ա մտնի Նիկոլի տակը, Սասունն էլ, էն որ ասում ա, խունջիկ-մունջիկ ա անում` գնամ, մտածեմ (Արամ Հարությունյան):

Հաճախ բանավիճողները, առանց փոխադարձ համաձայնության, անցնում են դու-ի, մինչդեռ. «Ցանակացած անծանոթ մարդու, եթե անգամ նա մեզնից երիտասարդ է (բացառությամբ երեխաներին), պետք է դիմել «Դուք»-ով. դա քաղաքավարության տարրական կանոն է»[33]:

Մեր ասուլիս-բանավեճերում գերակշռում են համագործածական բառապաշարի տարրերը: Հաճախադեպ են խոսակցական բառաշերտի միավորները` սովորաբար «համեմված» է օժանդակ բային փոխարինած ա-ով: Հանդիպում ենք մի շարք օտարաբանությունների` լայվ, ռադիկալ, ախրանա, պռավալ, սիմպատիա, ռեալ, լիդեր, ժարգոնային տարրերի` թայֆա, թայֆաբազա, տժժալ, կռուտիտ լինել, կայֆավատ լինել, դուխը հերիքել, պադստավա անել, խառոշի, լավ տղա, վերջերս շատ են կիրառվում  Էյֆորիա, մեսսիջ, պոպուլիզմ, դեմագոգիա, վենդետտաբառերը:

Մեր ասուլիս-բանավեճերում մասնակցի խոսքի ամփոփումը ձևակերպվում է այսինքն, ինչպես տեսնում ենք, պարզ է և նման բառերով ու արտահայտություններով:

Կարող ենք վստահ ասել, որ արդի հայկական ասուլիս-բանավեճերի մասնակիցների մեծ մասին խորթ է լակոնիկ` հակիրճ ու իմաստալից խոսքը, հակառակը` նկատվում է խոսքի ծավալունության ձգտում:

Մերօրյա հայկական ասուլիս-բանավեճերում գեղեցիկ խոսքից բացի գրեթե միշտ բացակայող բաղադրիչ է նաև փոխզիջումը` դիմացինի տեսակետի ընդունումը ու սեփական տեսակետի թերության ընկալումը:  Ինչպես Դենիել Կոհենն է նկատում. ««Բանավեճը պատերազմ է» մոտեցումը հավասարության նշան է դնում սովորելու և պարտվելու միջև»[34]։ Մինչդեռ այն սովորելու ու կատարելագործվելու անսպառ աղբյուր է:

Արդի հայկական ասուլիս-բանավեճերի լեզուն մշակման ու հղկման մեծ ճանապարհ ունի անցնելու, ինչն անշուշտ անհրաժեշտ է, քանի որ հեռուստատեսային իրականության մի մասն է կազմում ու անմիջականորեն ազդում է մեր լեզվամշակույթի ձևավորման ու փոփոխման վրա: Այս հարթակում լեզվական առումով զարգացում հնարավոր կլինի նշմարել այն դեպքում, երբ բանավեճի մասնակիցները սկսեն գիտակցել իրենց վրա դրված մեծ պատասխանատվությունը և ավելի լուրջ մոտենան ասուլիս-բանավեճերի լեզվամշակույթի զարգացման հարցին:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. Ավագյան Է., Քաղաքական բանավեճի լեզվամշակույթը, սեղմագիր, Երևան, 2013, 26 էջ:
  2. Ավետիսյան Զ., Խոսքային ներազդման հնարները ժամանակակից քաղաքական խոսույթում /ամերիկյան քաղաքական գործիչների ելույթների հիման վրա/, սեղմագիր, Երևան, 2012, 22 էջ:
  3. Ավետիսյան Յու. և այլք,Հայոց լեզու և խոսքի մշակույթ, ԵՊՀ հրատ, Երևան,2016, 512 էջ:
  4. Գաբրիելյան Ս., Բանավոր խոսքի էթիկական նորմերը, Աբեղյանական ընթերցումներ, ԵՊՀ հրատ., Երևան, 2016, 288 էջ:
  5. Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևանի համալս. հրատ., 2003, 376 էջ:
  6. Խաչատրյան Տ., Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ, Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2012,  256 Էջ:
  7. Կովալյով Ա., Ստեպանով Ա., Շաբալին Ս., Հոգեբանություն,Երևանի համալս. Հրատ., Երևան, 1970, 596 էջ:
  8. Հովհաննիսյան Հ., Փաստարկում և հռետորություն, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրամ, Երևան, 2015, 275 էջ:
  9. Միրզոյան Վ., Ճարտասանություն, «Գրիգոր Տաթևացի» հրատ., Երևան, 2004, 386 էջ:
  10. Նազարյան Ա., Գրիգորյան Հ., Էթիկետի հիմունքներ, «Զանգակ-97» հրատ., Երևան, 2002. 156 էջ:
  11. Նալչաջյան Ա., Ընդհանուր հոգեբանության հիմունքներ, գիրք 1, «Լույս» հրատ., Երևան, 1991, 512 էջ:
  12. Պետրովսկի Ա., Ընդհանուր հոգեբանություն, «Լույս» հրատ., Երևան, 1974, 544 էջ:
  13. Պողոսյան Պ., Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքները: Խոսքի տեսություն, գիրք երկրորդ, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1991, 335 էջ:
  14. Ձեռնարկ բանավիճողների համար, «Եվրասիա» բանավեճի ակումբ, Երևան, 2013, 41 էջ:
  15. Бредемайер К., Черная риторика: Власть и магия слова, Альпина Бизнес Букс, Можайск, 2005, 224 с.
  16. Леммерман Х., Учебник риторики. Тренировка речи с упражнениями, Лилиенталь, 1962, 256 с. 
  1. Համացանցային աղբյուրներ
  1. https://www.youtube.com
  2. Մելքոնյան Լ., Իմաստային նորաբանությունները ժամանակակից հայերենում, http://kantegh.asj-oa.am/1740/1/71-82.pdf, 15.06.2019:
  3. Վելյան Կ., Հայերենի հանպատրաստից բանավոր խոսքում  նախադասությունների սահմանազատման խնդիրը, http://language.sci.am/sites/default/files/conference/hayereni_hanpatrastits_banavor_khoskowm_nakhadasowt yanneri_sahmanazatman_hartsi_shorj_2.pdf, 15.06.2019:
  4. https://www.ted.com/talks/daniel_h_cohen_for_argument_s_sake/transcript?language=en, 16.06.2019:

[1] Ավետիսյան Յու. և այլք, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Եր., 2016, էջ 432:

[2] https://www.youtube.com/watch?v=lXI—5a6S0g, 16.06.2019: Այսուհետև ասուլիս-բանավեճերից մեջբերումները կներկայացվեն նշված կայքից առանց հղման:

[3] Նկատելի է նաև աղանդավորներ բառը ուղղականի փոխարեն գործիականով դնելուց առաջացած իմաստային անհարթությունը: Դժվար է ընկալել բառի` միասնության խնդիր ընդունելու դեպքում ստեղծված պատկերը: Իսկ ասվածը չափազանցական պատկեր կոչելը, կարծում ենք, այնքան էլ ճիշտ չէ բանավիճողի խոսքի ընդհանուր լեզվական մակարդակի համեմատությամբ:

[4] Տե՛ս Կովալյով Ա., Ստեպանով Ա., Շաբալին Ս., Հոգեբանություն, Եր., 1970, Էջ 326:

[5] Միրզոյան Վ., Ճարտասանություն, Եր., 2004, էջ 182:

[6]http://language.sci.am/sites/default/files/conference/hayereni_hanpatrastits_banavor_khoskowm_nakhadasowt yanneri_sahmanazatman_hartsi_shorj_2.pdf, 15.06.2019:

[7] Ավետիսյան Յու. և այլք, նշվ. աշխ., էջ 432:

[8] Նույն տեղում, էջ 434:

[9] Նույն տեղը:

[10] Նույն տեղը:

[11] Տե´ս Ձեռնարկ բանավիճողների համար, «Եվրասիա» բանավեճի ակումբ, Եր., 2013, էջ 34:

[12] http://kantegh.asj-oa.am/1740/1/71-82.pdf, 15.06.2019:

[13] Տե´ս Գաբրիելյան Ս., Բանավոր խոսքի էթիկական նորմերը, Աբեղյանական ընթերցումներ, Եր., 2016, էջ 224:

[14] Տե՛ս Եզեկյան Լ.,  Հայոց լեզվի ոճագիտություն, Եր., 2003, էջ 273:

[15] Ավետիսյան Յու., և այլք, նշվ. աշխ., էջ 432:

[16] Նույն տեղում, էջ 433:

[17] Ավետիսյան Յու. և այլք, նշվ. աշխ., էջ 434:

[18] Խաչատրյան Տ., Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ, Եր., 2012,  Էջ 60:

[19] Ավետիսյան Զ., Խոսքային ներազդման հնարները ժամանակակից քաղաքական խոսույթում, Եր., 2012, էջ 6-7:

[20] Տե´ս Հովհաննիսյան Հ., Փաստարկում և հռետորություն, Եր., 2015, էջ 199:

[21] Ավետիսյան Յու. և այլք, նշվ. աշխ., էջ 438:

[22] Պողոսյան Պ., Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմուքները: Խոսքի տեսություն, գիրք երկրորդ, Երևան, 1991, էջ 328:

[23] Տե´ս Бредемайер К., Черная риторика: Власть и магия слова, М., 2005, стр. 144.

[24] Ավետիսյան Յու. և այլք, նշվ. աշխ., էջ 437:

[25] Տե´ս Հովհաննիսյան Հ., նշվ. աշխ., էջ 153:

[26] Նույն տեղում, էջ 91-92:

[27] Նալչաջյան Ա., Ընդհանուր հոգեբանության հիմունքներ, գիրք 1, Եր.,  Էջ 472:

[28] Леммерман Х., Учебник риторики. Тренировка речи с упражнениями, Лилиенталь, 1962, стр.. 70.

[29] Ավետիսյան Յու., և այլք, նշվ. աշխ., էջ 432:

[30] Պետրովսկի Ա., Ընդհանուր Հոգեբանություն, Եր., 1974, էջ 245:

[31] Ավագյան Է., Քաղաքական բանավեճի լեզվամշակույթը, Եր., 2013, Էջ 20:

[32] Նազարյան Ա., Գրիգորյան Հ., Էթիկետի հիմունքներ, Եր., 2002, էջ 27:

[33] Նույն տեղում, էջ 29:

[34] https://www.ted.com/talks/daniel_h_cohen_for_argument_s_sake/transcript?language=en, 16.06.2019: